Արցունքը հեղուկ է, որը գոյանում է աչքերի շուրջը գտնվող արցունքագեղձում: Աչքերը թարթելու յուրաքանչյուր գործողության հետ կոպերը արցունքը հավասարաչափ տարածում են աչքի մակերեսով: Դրա ավելցուկը հավաքվում է արցունքային լճակում, որտեղից արցունք-քթային խողովակով հոսում է դեպի քթի ստորին խեցի: Ահա թե ինչու լաց լինելիս կամ լիաթոք ծիծաղելիս քթից նույնպես հեղուկ է հոսում:
Առողջ մարդու արցունքը թափանցիկ է, պարունակում է ջուր, սպիտակուցներ և աղեր, որով էլ պայմանավորված է արցունքի աղի համը: Արցունքը մեխանիկորեն հեռացնում է միկրոբները, որոնք կարող են ընկնել աչքի մեջ քամու, փոշու միջոցով:
Կանանց 85 և տղամարդկանց 73 տոկոսն ուժեղ ապրումների ժամանակ արտասվելուց հետո իրենց ավելի թեթևացած են զգում: Ուրախության կամ գորովանքի արցունքներն ավելի հաճախ են թափվում, քան դառը արցունքները: Դրանք մեղմացնում են ադրենալինի ազդեցությունը, բայց օրգանիզմից վնասակար նյութեր չեն հանում: Նույն ազդեցությունն ունեն նաև անզուսպ ծիծաղից ակամա թափվող արցունքները:
Ծնված օրից մարդն ունակ է արտասվելու: Մեծանալով' սկսում է ամաչել իր արցունքների համար և ավելի ու ավելի հազվադեպ է լաց լինում: Բայցևայնպես, կյանքում լինում են պահեր, երբ դժվար, անգամ անհնար է լինում զսպել արցունքները:
Կենդանիները, ինչպես մարդիկ, կարող են ճչալ ու լաց լինել ցավից, բայց մարդը միակ էակն է այս մոլորակի վրա, ով «հուզական արցունքներ» թափելու ունակություն ունի: Չէ՞ որ արցունքները դժբախտության ազդանշան են, որին մատնվում է մարդը' ենթագիտակցաբար կարեկցանք և օգնություն ակնկալելով:
Նրանք, ովքեր չեն ամաչում բացահայտ արտահայտել իրենց հույզերը, ավելի քիչ են ենթակա սթրեսի ազդեցությանը և շատ արագ են այն հաղթահարում: Այդ իսկ պատճառով նյարդային լարվածության դեպքում հոգեբանները խորհուրդ են տալիս արցունքներով ելք տալ կուտակված սթրեսին:
Շատ ավելի բարդ է այն մարդկանց վիճակը, ովքեր սովոր են բոլոր իրավիճակներում զսպել իրենց և արցունքները թուլության նշան են համարում: Մինչդեռ արտասվելը երբեմն միանգամայն տեղին է: Լաց լինելով մարդը հանգստանում է: Գիտնականները պարզել են, որ հանգստություն բերում է ոչ թե լացով առաջացած զգայական (էմոցիոնալ) թուլացումը, այլև արցունքի քիմիական բաղադրությունը: Հույզերի բռնկումի, պոռթկումի արտահայտման պահին գլխուղեղում արտադրվում են սթրեսի հորմոններ, որոնք արցունքի միջոցով հեռանում են: Արցունքահեղուկը օրգանիզմից հեռացնում է նաև նյութեր, որոնք գոյացել են նյարդային գերլարվածության ժամանակ: Լացից հետո մարդն իրեն զգում է հանգստացած, նույնիսկ առույգ:

Արցունքի հետ օրգանիզմից դուրս են գալիս ոչ միայն վնասակար քիմիական նյութեր, այլև կատեխոլամիններ' սթրեսի խթանիչներ: Դրանք վտանգավոր են հատկապես երիտասարդ, չամրացած օրգանիզմի համար, ուստի երեխաները լաց են լինում շատ ավելի հաճախ, քան մեծահասակները: Դա, բնականաբար, պաշտպանական մեխանիզմ է, որը պաշտպանում է օրգանիզմը սթրեսից:
Բացասական հույզերը ներսում թողնելը վտանգավոր է: Ըստ վիճակագրության' տղամարդիկ, ովքեր կանանցից 4-5 անգամ ավելի հազվադեպ են լաց լինում, մոտ 7 տարով ավելի քիչ են ապրում: Լացը զսպելու և նյարդային համակարգի ծանր հիվանդությունների, հիպերտոնիայի, ստամոքսի խոցի, կոլիտի և սրտանոթային հիվանդությունների ուղղակի կապն ապացուցված է: Բժիշկներին հայտնի է, որ չթափված արցունքները կարող են կուտակվել և շատ հիվանդությունների սրացման պատճառ դառնալ:
Լաց լինելիս մարդու մոտ աշխատում է դեմքի 43 մկան, իսկ ծիծաղելիս' 17-ը: Այստեղից հետևություն' լաց լինելիս ավելի շատ ենք կնճռոտում մեր դեմքի մաշկը, քան ծիծաղելիս: Ուրեմն' ավելի հաճախ ծիծաղեք...
Комментариев нет:
Отправить комментарий